Ադրբեջանցի աղջկան սպանել են ոչ թե հայերը, այլ արևմտյան գործակալները. Ալեքսանդր Դուգին

Ադրբեջանցի աղջկան սպանել են ոչ թե հայերը, այլ արևմտյան գործակալները. Ալեքսանդր Դուգին

Հայ զինվորները որևէ առնչություն չունեն օրեր առաջ ռումբի պայթյունի հետևանքով ադրբեջանցի երեխայի մահվան հետ:  Այս մասին ադրբեջանական «Զերկալո» թերթի հետ հարցազրույցում ասել է Միջազգային եվրասիական շարժման ղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը։

«Նախ և առաջ, կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարող առանձնացվել համաշխարհային կոնտեքստից։ Ցանկանում եմ նշել, որ հակամարտության էսկալացիան ձեռնտու է ոչ թե հենց հակամարտող կողմերին, այլ երրորդ կողմին։ Իմ կարծիքով՝ երրորդ կողմը ԱՄՆ–ն է, որը շահագրգռված է Հարավային Կովկասում ուժերի վերադասավորությամբ և ղարաբաղյան հակամարտության էսկալացիայով։ Ենթադրում եմ, որ ամերիկացի ստրատեգներն ու դիվանագետներն Ադրբեջանին դրդում են պատերազմի և միևնույն ժամանակ հասկացնել են տալիս Երևանին, որ դեմ չէին լինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե Հայաստանը հրաժարվեր  ռուսաստանամետ կողմնորոշումից»,– ասել է Ալեքսանդր Դուգինը՝ ավելացնելով. «Ես գրեթե վստահ եմ, որ ադրբեջանցի աղջկա սպանության հետ որևէ առնչություն չունեն ոչ հայերը, ոչ էլ ադրբեջանցիները։ Խոսքն այստեղ վերաբերում է այդ միջանկյալ գոտում լրտեսական ցանցի ազդեցությանը։ Ներկա պահին ամերիկացիների խնդիրն է Լեռնային Ղարաբաղի տարածքում միմյանց դեմ հանել ադրբեջանցիներին և հայերին։ Ես դեպքերի նման զարգացում կանխատեսել էի դեռ վաղուց և շարունակում եմ դրանում համոզված լինել»։

Խոսելով տարածաշրջանում գործող «արևմտյան գործակալների» գործունեության մասին՝ ռուսաստանցի քաղաքագետն ասել է. «Այդ գործակալների ազդեցությունը շատ մեծ է Հայաստանում, Ղարաբաղում և Ադրբեջանում։ Դրանք կամ երդվյալ ատլանտիստներ են, լիբերալներ, նոր աշխարհակարգի կողմնակիցներ, կամ վարձկաններ, որոնք պատրաստ են սպանել երեխաների, ծերերի և կանանց ինչպես իրենց, այնպես էլ օտար երկրներում»։

Անդրադառնալով Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպմանն ու Դմիտրի Մեդվեդևի՝ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ուղարկված առաջարկներին, Ալեքսանդր Դուգինն ասել է, թե ներկա պահին ոչ ոք շահագրգռված չէ խնդրի կարգավորմամբ։

«Ես վստահ եմ, որ բոլորը շահագրգռված են ստատուս քվոյի պահպանմամբ։ Այսինքն, հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ոչ ոքի շահերից չի բխում։ Ոչ ոք չի ձգտում տեղաշարժեր ապահովել խնդրի կարգավորման գործընթացում։ Իրավիճակը փակուղային է։ Այդ պատճառով Մոսկվայի դիվանագետների խնդիրը հետևյալն է՝ ժամանակ ձգել և ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ Դրանում հետաքրքրված են ինչպես Իրանը, այնպես էլ Թուրքիան։ Ներկա պահին ղարաբաղյան հիմնախնդրի համար ամենալավ էֆեկտը ցանկացած էֆեկտի բացակայությունն է։ Սա ոչ թե պարադոքս է, այլ աշխարհաքաղաքական վերլուծություն»,– նշել է ռուսաստանցի քաղաքագետը։

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի ռեգիոնալացման մասին՝ Դուգինը նշել է, որ այդ դեպքում հնարավոր կլինի գործընթացից հեռացնել արևմտյան ուժերին։

«Եթե անգամ դա որևէ արդյունք չտա, միևնույն է, խնդրի ռեգիոնալացումն ինքնին արժեքավոր նախաձեռնություն է։ Ըստ իս՝ ղարաբաղյան հիմնախնդրի ռեգիոնալացումը նշանակում է կարգավորման գործընթացից բացառել Ամերիկային և ցանկալի է նաև եվրոպացիներին։ Եթե մենք կարողանանք չեզոքացնել իրավիճակի ապակայունացմամբ շահագրգռված արտաքին ուժերին, շատ լավ արդյունք կլինի։ Այսինքն, ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է քննարկվի հակամարտության ուղղակի մասնակիցների միջև՝ Ռուսաստանի, որն իր ուղղակի շահերն ունի տարածաշրջանում, Իրանի, որը ներգրավված է տարածաշրջանի ռազմավարական գործընթացներում և ունի երկրի տնտեսական և քաղաքական գործընթացներում ներկայացված զգալի ադրբեջանական բնակչություն, և Թուրքիայի, որն Ադրբեջանը դիտում է որպես հարազատ երկիր։ Ահա թե ովքեր պետք է զբաղվեն հակամարտության կարգավորմամբ»,– ընդգծել է Ալեքսանդր Դուգինը։

http://www.tert.am/am/news/2011/07/21/dugin/