Աշխարհը բռնկված է ցանցային պատերազմներով
Primary tabs
Ալեքսանդր Դուգին
Ցանցային պատերազմը պատերազմների վարման նոր հայեցակարգ է, որը մշակվել է ԱՄՆ Զինված ուժերի Բարեփոխումների վարչության կողմից: Այս տեսության մշակողները համոզված են, որ մոտ ապագայում եթե այն չփոխարինի պատերազմի ավանդական տեսությանը, ապա էապես ու անշրջելիորեն կփոխի նրան:
Պատերազմի ցանցային կամ ցանցակենտրոն տեսությունը հիմնվում է մարդկային պատմությունը հողագործական, արդյունաբերական և տեղեկատվական դարաշրջանների բաժանելու սկզբունքի վրա: Այս դարաշրջաններին խստորեն համապատասխանում են նախամոդեռն, մոդեռն և հետմոդեռն սոցիոլոգիական հասկացությունները: Տեղեկատվական դարաշրջանը հետմոդեռնի ժամանակաշրջանն է, երբ Արևմուտքի (առաջին հերթին` ԱՄՆ) զարգացած հասարակությունները մտնում են որակապես նոր փուլ:
Այս տեսության համար ամենակարևոր հասկացությունը «ցանց» եզրն է: Ցանցային սկզբունքի իմաստն այն է, որ ամբողջ մոդելի գլխավոր տարրը հանդիսանում է «տեղեկատվության փոխանակումը»` այդ տեղեկատվության արտադրության ձևերի, նրա բաշխվածության, այնտեղ մուտքի հնարավորության, հակադարձ կապի առավելագույն ընդարձակումը: Ցանցը ներկայացնում է նոր տեղեկատվական տարածություն, որտեղ և ծավալվում են հիմնական ռազմավարական գործողությունները, ինչպես նաև դրանց լրատվական, դիվանագիտական, տնտեսական և տեխնիկական ապահովումը: Մարտական միավորներ, կապի համակարգեր, գործողության տեղեկատվական ապահովում, հասարակական կարծիքի ձևավորում, դիվանագիտական քայլեր, սոցիալական գործընթացներ, հետախուզություն և հակահետախուզություն, ազգային, կրոնական ու հավաքական հոգեբանություն և այլն. այսուհետ այդ բոլորն ընկալվում են որպես միասնական ցանցի փոխկապակցված տարրեր, որոնց միջև պետք է իրականացվի մշտական տեղեկատվական փոխանակում:
Տեղեկատվական դարաշրջանի «պատերազմի տեսության» շրջանակներում ռազմական բարեփոխման իմաստը հզոր և համապարփակ ցանցի ստեղծումն է, որը կոնցեպտուալ կերպով փոխարինում է ռազմական ստրատեգիայի ավելի վաղ գոյություն ունեցած մոդելներին ու հայեցակարգերին, ինտեգրում նրանց միասնական համակարգում: Կանոնավոր բանակը, հետախուզության բոլոր տեսակները, տեխնիկայի հայտնագործությունները և բարձր տեխնոլոգիաները, լրագրությունն ու դիվանագիտությունը, տնտեսական գործընթացները և սոցիալական ձևափոխումները, քաղաքացիական բնակչությունն ու կադրային զինվորականները, կանոնավոր զորամասերը և առանձին թույլ կազմակերպված խմբերը` այս ամենը ինտեգրվում են միասնական ցանցում, որով շրջանառվում է տեղեկատվությունը: Նման ցանցի ստեղծումը ԱՄՆ Զինված ուժերի ռազմական բարեփոխման էությունն է:
Բոլոր ցանցային պատերազմների վարման առանցքային խնդիրը «գործողությունների հանրագումարն է` ուղղված խաղաղության, ճգնաժամի ու պատերազմի իրադրություններում բարեկամների, չեզոք ուժերի և թշնամիների պահվածքի մոդելի ձևավորմանը»: Դա նշանակում է հրատապ կամ հնարավոր ռազմական գործողությունների բոլոր մասնակիցների նկատմամբ լիակատար հսկողության սահմանում և բոլոր իրավիճակներում նրանց համընդհանուր մանիպուլացում. և՛ այն դեպքում, երբ պատերազմ է գնում, և՛ այն դեպքում, երբ այն հասունանում է, և՛ այն դեպքում, երբ խաղաղություն է տիրում:
Ցանցի ներդրումը աշխարհի երկրներին, ժողովուրդներին, բանակներին ու կառավարություններին զրկում է ամեն տեսակ ինքնուրույնությունից, ինքնիշխանությունից, վերածում նրանց կոշտ կառավարվող, ծրագրավորված մեխանիզմների, ինչը նշանակում է համամոլորակային ուղղակի վերահսկողություն, նոր տիպի համաշխարհային տիրապետություն, երբ կառավարման են ենթակա ոչ թե առանձին սուբյեկտները, այլ նրանց բովանդակությունը, գործողությունները, մտադրությունները և այլն: Ըստ էության, և՛ թշնամիները, և՛ չեզոք դիրք գրաված ուժերն ակնհայտորեն ենթարկվում են պարտադրված սցենարին, գործում ոչ իրենց կամքով: Դա ճակատամարտի շահում է` մինչ այն սկսելը:
Ցանցային պատերազմների նպատակն է համաշխարհային մասշտաբով պատմական գործընթացների բոլոր մասնակիցների վրա բացարձակ վերահսկողության սահմանումը: Եվ այստեղ պարտադիր չեն ուղղակի օկուպացիան, մեծաքանակ զորք մտցնելը կամ տարածքի զավթումը: Ցանցն առավել ճկուն զենք է. այն բռնությամբ ու ռազմական ուժով մանիպուլացնում է լոկ ծայրահեղ դեպքերում, և հիմնական արդյունքները ձեռք են բերվում գործոնների (տեղեկատվական, սոցիալական և այլն) լայն հանրագումարի վրա ազդեցությամբ:
Միացյալ Նահանգների համար ցանցակենտրոն պատերազմների խնդիրն է «բոլորին ԱՄՆ հետ ռազմական մրցակցության անիմաստության գաղափարի ներշնչումը»: Այսօր ցանցային պատերազմ վարում է ԱՄՆ-ը և այն վարում է բոլոր մնացած երկրների ու ժողովուրդների դեմ` ինչպես թշնամիների, այնպես էլ բարեկամների և չեզոք ուժերի: Արտաքին հսկողության ու գործողությունների արտաքին կառավարման հաստատումը հենց ստրկացում է, միայն թե հետմոդեռնի դարաշրջանում այն այլ տեսքով է ձևակերպված, քան արդյունաբերական դարաշրջանում: Սակայն ցանցը ոչ այլ ինչ է, քան պատերազմի և ռազմական գործողությունների վարման համակարգ, անգամ եթե այն մատուցվում է որպես բարիք: Այդ պատերազմը տարվում է նաև Ռուսաստանի դեմ և, ինչպես ամեն պատերազմ, ուղղված է նրա նվաճմանը, հպատակեցմանը` ինչպիսի եզրերով էլ որ այն հրամցվի:
Միանգամայն ակներև է, որ ռուսական հատուկ ծառայությունները, քաղաքական ինստիտուտները, պաշտպանական համակարգերը, ուժային նախարարությունները, գերատեսչությունները հայեցակարգային առումով մնում են մոդեռնի դարաշրջանի (ինդուստրիալ հասարակության) ռազմավարության շրջանակներում: Նման կառույցները սկզբունքորեն ի զորու չեն ոչ միայն արդյունավետ կերպով դիմակայել հետմոդեռնական ցանցային տեխնոլոգիաների մարտահրավերները, այլև քաղաքակիրթ ձևով ճանաչել դրանց կիրառման փաստը: Օգտագործվող ցանցային տեխնոլոգիաները չափազանց նուրբ ու կատարյալ են ռուսական հատուկ ծառայությունների գործող` դարն ապրած համակարգերի համար, որոնք ԱՄՆ համակարգային գործողությունների դեմ անպաշտպան են և միանգամայն անարդյունավետ:
Որպես այս գլոբալիստական ցանցի սեգմենտներ հանդես են գալիս ինչպես փորձագետների, քաղաքագետների, վերլուծաբանների, տեխնոլոգների ուղղակիորեն ամերիկամետ լոբբին, որն իշխանությանը շրջապատում է ամուր օղակով, այնպես էլ ամերիկյան բազմաքանակ հիմնադրամները: Ռուսական խոշոր կապիտալի և բարձրագույն վարչարարության ներկայացուցիչները բնական եղանակով ինտեգրվում են արևմտյան աշխարհին, որտեղ պահում են իրենց խնայողությունները: Զանգվածային լրատվամիջոցներն ընթերցողներին ու հեռուստադիտողներին «ճառագայթահարում» են ամերիկյան կաղապարներով պատրաստված տեսողական և իմաստային տեղեկատվության հոծ հոսքերով: Եվ այդ գործընթացների մեծ մասն անհնարին է որակել սոսկ իբրև «դրսի գործակալների» գործողություններ, ինչպես արդյունաբերական դարաշրջանում էր: Տեղեկատվական դարաշրջանի տեխնոլոգիաները նախորդ դարաշրջանի հատուկ ծառայությունների համակարգերով ու մեթոդներով չեն «որսվում»:
* * *
Վերջին տարիներին ցանցային պատերազմները դարձել են ավելի ակնհայտ:
Նրանք ԱՄՆ կողմից կոշտ ձևով տարվում են Իրաքում և Աֆղանստանում, նախապատրաստվում Իրանում ու Սիրիայում, նուրբ ձևով փորձարկվեցին Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և ԱՊՀ այլ երկրներում: Նարնջագույն հեղափոխությունը Կիևում հենց այդպիսի տեխնոլոգիաների իրականացման տիպիկ օրինակ է: Ռուսաստանից Ուկրաինայի «պոկման» խնդիրը լուծվեց եռանդով, համառությամբ, բազմաթիվ գործոնների օգտագործմամբ, ընդ որում` առանց դասական ուժային մեթոդների կիրառման: Այս գործընթացի կարևորագույն գործիքը նարնջագույն ցանցն է: Այն ստեղծված է ցանցակենտրոն գործողությունների վարման բոլոր կանոններով: 2004թ. ուկրաինական դրամատիկ աշնան յուրաքանչյուր մասնակից մանիպուլացված էր. որն ուղղակիորեն, որն անուղղակի, որը Ռուսաստանի, որը Եվրոպայի, որը տնտեսական, որը կրոնական լծակների միջոցով:
Ուկրաինայում Ռուսաստանի և ռուսամետ ուժերի ձախողումը, մինչ ողջ իրադրության սկիզբը, արդեն կանխորոշված էր, քանզի միմյանց բախվել էին միանգամայն անհամաչափ ուժեր` ինդուստրիալ ու տեղեկատվական (հետինդուստրիալ) տեխնոլոգիաները: Հատկապես Կիևի նարնջագույն հեղափոխությունը ցուցադրեց ռուսական հետամնացության ողջ անհունությունը և ամերիկյան գերազանցության ողջ ծավալը: Համաշխարհային ցանցային տիրապետության ճանապարհին ԱՄՆ-ը կատարեց ևս մեկ բազմանշանակ ու տպավորիչ քայլ:
Այժմ արդեն տարակուսանք չկա, որ նման ճակատագիր է սպասվում նաև Ռուսաստանին: Դա տեղի կունենա անգամ այն դեպքում, եթե Ռուսաստանը մնա չեզոք տերության կամ նույնիսկ ԱՄՆ բարեկամի կարգավիճակում: 2008թ. մոտերքին Ռուսաստանում բնական կերպով հասունանալու է ճգնաժամ, և այդ շրջանում նրա «պահվածքով» զբաղվելու են ու արդեն եռանդով զբաղվում են ցանցային պատերազմների ամերիկյան ճարտարապետները: Դրա համար օգտագործվելու են բուն Ռուսաստանի ներսի հիմնական հատվածները, ազդեցությունը սոցիալական, տեղեկատվական գործընթացների վրա. բոլորին հատկացվելու են իրենց դերերը, և բոլորը ստիպված են լինելու դրանք կատարել` և՛ նարնջագույնները, և՛ նրանց հակառակորդները, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ պահպանության կառույցները...
Ռուսաստանի կողմից տեսականորեն միակ վայելուչ պատասխանը կլիներ հետմոդեռնացման ուղղությամբ համաչափ ցանցային ռազմավարության մշակումը` զուգահեռ ու սրընթաց վերափոխելով պետության առանձին ոլորտները (կառավարում, հատուկ ծառայություններ, ակադեմիական գիտություն, տեղեկատվական դաշտ): Ռուսական պետականության որոշակի մասը պետք է միահամուռ կերպով մաքրվի ամերիկյան ցանցի հատվածներից, փոխադրվի աշխատանքի ոչ սովորական ռեժիմ, օժտվի արտակարգ լիազորություններով ու լծվի համարժեք ցանցային կառուցվածքի ստեղծմանը` ընդունակ գոնե մասնակիորեն հակազդելու ամերիկյան մարտահրավերին: Այն պահանջում է ստեղծել հատուկ խումբ, ուր պետք է մտնեն առանձին բարձրաստիճան վարչարարներ, տարբեր հատուկ ծառայությունների լավագույն պասիոնար կադրեր, ինտելեկտուալներ, գիտնականներ, ճարտարագետներ, քաղաքագետներ, հայրենասիրորեն տրամադրված լրագրողներ ու մշակույթի գործիչներ:
Այդ խմբի խնդիրը պետք է լինի եվրասիական ցանցի մոդելի մշակումը` իր մեջ ընդունելով ամերիկյան հետմոդեռնի և տեղեկատվական հնարքների հիմնական տարրերը, սակայն ուղղված նրա ազդեցության վեկտորին համաչափորեն հակառակ: Այն ենթադրում է ռուսական զինուժի, հատուկ ծառայությունների, քաղաքական ինստիտուտների, տեղեկատվական համակարգերի, հաղորդակցության ուղիների շտապ ու արտակարգ «հետմոդեռնացում»: Սա անհավատալիորեն դժվարին խնդիր է, բայց չլուծելով կամ գոնե չառաջադրելով այն` Ռուսաստանը 2008թ. (եթե ոչ ավելի շուտ) դատապարտված կլինի պարտության նարնջագույն ցանցային տեխնոլոգիաների կողմից: Ցանցային պատերազմը կարելի է շահել միայն ցանցային միջոցներով` սեփական պայմաններին ու նպատակներին հարմարեցնելով արդյունավետ և սրընթաց զարգացող տեխնոլոգիաները:
http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2284