«ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ» ԹԵ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջանի զարգացման օրինաչափությունները

«ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ» ԹԵ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Տարածաշրջանի զարգացման օրինաչափությունները

Մարտի 27-ին Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ քննարկում Եվրամիություն, թե Եվրասիական միություն թեմայով: Բանախոսներն էին ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորԹեւան Պողոսյանը եւ նախկին դիվանագետ Արման Նավասարդյանը: Իր խոսքը Հ. Բաբուխանյանը սկսեց տարածաշրջանի զարգացման գիտական վերլուծությունից.

«Տարածաշրջանի զարգացման վերլուծությունը ի հայտ է բերում մի շարք օրինաչափություններ, որոնք բացահայտելու եւ ապա` մեր հետագա գործողությունները ծրագրավորելիս հաշվի առնելու դեպքում կարող ենք զերծ մնալ նախկին սխալների կրկնողությունից եւ երկիրը տանել ամենաօպտիմալ լուծումներին: Նշված օրինաչափությունները հետեւյալն են.

Օրինաչափություն 1. Ռուսաստանի զարգացումը տեղի է ունենում ցիկլի տեսքով: Առաջընթացին հետեւում են ետընթացներ, համապատասխանաբար Ռուսաստանը մե՛կ ունենում է աշխարհաքաղաքական բեւեռի կարգավիճակ, մե՛կ այն կորցնում է եւ համապատասխանաբար հիմնականում տարածում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, սակայն իր ետընթաց ժամանակահատվածում նահանջում է մեր տարածաշրջանից: Սակայն պետք է փաստել, որ ցիկլի զարգացման հատվածում, որը ցիկլի հիմնական ֆազան է, Ռուսաստանը միշտ վերադառնում է Հարավային Կովկաս:

Հիմնավորումներ. Որպես վերոհիշյալ օրինաչափության հիմնավորում կարող ենք դիտարկել ՌԴ-ի նահանջը 1915-1922թթ., 1941-1944թթ., 1991-2008թթ., որոնց հետեւել է Ռուսաստանի վերադարձը եւ ամրապնդումը Հարավային Կովկասում:

Հետեւություն. Հարավային Կովկասում ազգերի մրցակցության մեջ շահում է այն ազգը, որը ճիշտ է հաշվարկում Ռուսաստանի տարածաշրջան վերադարձի ժամանակահատվածը եւ ձեւավորում է Ռուսաստանի հետ ոչ թե հակադրության, այլ համագործակցության փոխհարաբերություններ:

Օրինակներ. Որպես վերոհիշյալը հիմնավորող օրինակ, կարող ենք դիտարկել Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները եւ ստացած արդյուքները 1920-1921թթ., 1990-1994թթ. եւ Վրաստանի օրինակը` 2006-2008թթ.:

Օրինաչափություն 2. Թուրքիան եւ Ադրբեջանը հանդիսանում են ցեղասպանաստեղծ պետություններ: Իսկ թյուրք էթնոսը դարերով դաստիարակված է հակահայկականության եւ հակաքրիստոնեության մթնոլորտում: Տարածաշրջանում ցանկացած անկայունության պայմաններում թյուրքական պետությունները նախաձեռնում են եւ հնարավորության դեպքում իրականացնում ագրեսիա Հայաստանի դեմ եւ հայերի Ցեղասպանությունը:

Հիմնավորումներ. Թուրքիայի եւ Ադրբեջանի վերոհիշյալ քաղաքականության արդյունքում նախորդ 100 տարիների ընթացքում խիստ կրճատվել է Առաջավոր Ասիայում եւ Հարավային Կովկասում հայերի բնակության տարածքը: Եթե 20-րդ դարի սկզբում հայերը կոմպակտ բնակություն էին հաստատել Կոնստանտինոպոլսից մինչեւ Բաքու, ապա այսօր հայաթափվել են այդ տարածքների մեծ մասը, այդ թվում` այն տարածքները, որտեղ հայերը եղել են բնիկ ժողովուրդ, եւ արդյունքում հայերը կենտրոնացել են միայն Հայաստանի Հանրապետությունում, ԼՂՀ-ում, Ջավախքում, ինչպես նաեւ ոչ կոմպակտ կերպով բնակվում են Վրաստանի եւ Թուրքիայի առանձին բնակավայրերում` չունենալով էթնոսի զարգացման հնարավորություններ:

Հետեւություն. Հայաստանը շրջափակված է շուրջ 100 մլն թյուրք բնակչությամբ, որը բնակվում է Հայաստանի սահմանների 90 տոկոսի երկայնքով եւ գտնվում է 2 թյուրքական հարեւան պետությունների սպառնալիքի ներքո: Այդ պետությունների կանոնավոր զինված ուժերի թվաքանակը մոտենում է 1 մլն-ի: Տարածաշրջանում անկայունության պարագայում Հայաստանը պետք է պատրաստ լինի դիմագրավելու թյուրքական հարձակմանը:

Օրինակ`1990-1994թթ. անկայունության պայմաններում Հայաստանը Ռուսաստանի եւ միջազգային հանրության դիվանագիտական ջանքերի միջոցով չեզոքացրեց թուրքական ռազմական ինտերվենցիան եւ հայրենասիրական ալիքի վրա կենտրոնացնելով ուժերը՝ հաղթեց Արցախյան պատերազմում»:

Այնուհետեւ Հ. Բաբուխանյանը անդրադարձավ մի շարք հարցերի նկատմամբ ԵՄ-ի եւ ՌԴ-ի մոտեցումներին: Մասնավորապես համեմատություն կատարվեց արժեհամակարգի, օտար լեզվի իմացության, անվտանգության համակարգի, էներգետիկայի, ներդրումների, առեւտրաշրջանառության, մասնավոր տրանսֆերների եւ այլ ոլորտներին: Վերլուծելով համակարգի զարգացման փուլըª պարոն Բաբուխանյանը նշեց, որ ԵՄ-ն կազմավորման` աճի փուլից անցում է կատարում կազմաքանդման ժամանակաշրջան, իսկ ՌԴ-ն ընդհակառակը, դուրս է եկել կազմաքանդման փուլից եւ հզորացնում է իր աշխարհաքաղաքական դիրքերը` ձեւավորելով Մաքսային միություն, ակտիվացնելով Շանհայյան կազմակերպությունը, ԲՌՀՉ-ն եւ այլն: Նա նշեց նաեւ, որ տարածքային առումով Եվրամիության ամենամոտիկ սահմանը գտնվում է Հայաստանից 100 կմ-ի վրա, իսկ Ռուսաստանը՝ 200 կմ հեռավորության վրա:

Եզրափակելով իր խոսքը՝ ԱԺ պատգամավոր Հ. Բաբուխանյանը նշեց իր համոզմունքը, որ Հայաստանը պետք է լինի Եվրասիական միության ձեւավորման ավանգարդում:

http://soyuzinfo.am/arm/analitics/detail.php?ELEMENT_ID=254