Հիմա Հայաստանում պաշտոններ կիսելու ժամանակը չէ. Դուգինի նախազգուշացումն՝ իշխանություններին

Հիմա Հայաստանում պաշտոններ կիսելու ժամանակը չէ. Դուգինի նախազգուշացումն՝ իշխանություններին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միջազգային եվրասիական շարժման» լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը:

- Հայաստանյան ներքաղաքական կյանքը բավականին կտրուկ փոփոխությունների փուլում է: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, որի ամենաքննարկվող պատճառը 4 ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան էր, իսկ այդ ուժերը հայտնի են, որպես ռուսամետ: ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ պնդում էր, որ Հայաստանին արժանապատիվ կերպով ՄՄ-ում ներկայացնող իշխանություն է անհրաժեշտ: Ըստ Ձեզ՝ ՀՀ ներկայիս իշխանությունը, Սերժ Սարգսյանն ունե՞ն Կրեմլի անվերապահ աջակցությունը, թե՞ Կրեմլը դեռ սպասումներ ունի իշխանությունից և դրանք փորձում է ստանալ հայաստանյան ներքաղաքական դաշտում իր մյուս գործընկերներին աջակցելու և իշխանության վրա նրանց միջոցով ճնշումներ բանեցնելու արդյունքում:

- Այս իրավիճակում ես  շատ իրավասու տեսակետ չեմ կարող հայտնել: Կան բաներ, որոնք ես լավ գիտեմ, և կան բաներ, որոնք ես գիտեմ ենթադրաբար: Ուստի իմ պատասխանն ընդհանուր կլինի, ոչ մանրամասնորեն: Ռուսաստանը  շատ շնորհակալ է Հայաստանին ՄԱԿ-ի ԳԱ-ում ուկրաինական բանաձևի քվեարկության և Ռուսաստանին աջակցելու համար: Ռուսաստանը հիմա և ավանդաբար շատ լավ է վերաբերվում Հայաստանին` Հայաստանը դիտարկելով որպես բարեկամական գործընկեր: Որքան ես եմ հասկանում, Մոսկվայի վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ, թեև կան սառեցման փուլեր, թեև կան նրբություններ,  մերձեցման փուլեր, մեծապես դրական է, ես սա հաստատ կարող եմ ասել: Այն կուսակցությունները, որոնք պահանջել են վարչապետի հրաժարականը, չգիտեմ, թե ինչ աստիճանի  ռուսամետ են, աշխարհաքաղաքական հարաբերությունների իմաստով, Հայաստանի ու Ռուսաստանի միջև ներկայումս կա մերձ, արդյունավետ կոնտակտ: Կան, իհարկե, շատ խնդիրներ, պահանջներ Հայաստանի կողմից, բայց  հետսովետական այլ երկրների համեմատությամբ Հայաստանը, Բելառուսի և Ղազախստանի հետ միասին, ամենամոտ կապն է Ռուսաստանի հետ: Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը հիմա այնպիսի հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նման գործիքներով և միջոցներով էլ ավելի մոտեցնի Հայաստանին ու Ռուսաստանին: Սա  բնորոշ չէ ռուսական քաղաքականությանը և ռուսական իշխանությանը: Ռուսաստանը բավարարվում է նույնիսկ չափավոր և չեզոք  դիրքորոշմամբ, և սկզբունքորեն իմաստ չկա նման մեթոդներով Սերժ Սարգսյանի նկատմամբ ճնշումներ բանեցնել: Ռուսաստանն այս կերպ չի գործում, ավելին` Ռուսաստանն այս հարցում բավականին զուսպ է ու չափավոր: Եթե հետսովետական տարածքի որևէ երկրի ղեկավարություն պատրաստակամություն է հայտնում, որպեսզի սկզբունքային հարցերում աջակցի Ռուսաստանին, ապա Ռուսաստանը դրանով բավարարվում է, գոհ է մնում:

Ես ներքաղաքական այս հակամարտություններում տեսնում եմ Արևմուտքի ձեռքը, քանի որ Արևմուտքն այսօր դժգոհ է Հայաստանի ներկայիս ռուսամետ դիրքորոշումից, բայց չեմ բացառում, որ կան պարզապես ներքաղաքական խնդիրներ, որոնք  վերագրվում են Մոսկվային: Պուտինի խաղի կանոններով չէ  նման սցենարը: Պուտինը բավականին կտրուկ պահվածքի մոդել ունի, նա երբեք  նման քաղաքական քայլերի չի գնացել և դժվար թե գնա, քանի որ Հայաստանի դիրքորոշումը  ՌԴ ղեկավարությունը դիտարկում է որպես  շատ բարեկամական և  հավատարիմ:

- Մեր քաղաքական դաշտում այնպիսի գործընթացներ են ընթանում, որ տպավորություն է ստեղծվում, թե այնտեղ պայքար է ընթանում էլ ավելի ռուսամետ լինելու և Մոսկվային էլ ավելի շատ հաճոյանալու  համար:

- Կարող է այդպես լինել: Եթե նրանք ցանկանում են էլ ավելի ռուսամետ լինել, նշանակում է` նրանք շատ պատասխանատու կերպով են վերաբերվում ՀՀ ազգային շահերին, որովհետև  ներկայիս իրավիճակում Հայաստանի ազգային  ինքնությունը կարող է պաշտպանել միայն Ռուսաստանը, այսինքն՝ սա խելամիտ է, տրամաբանական է, Ռուսաստանը սիրել պետք չէ, այլ Հայաստանն է պետք սիրել, հասկանալ՝ ինչն է Հայաստանին ձեռնտու: Ուստի ես կարծում եմ, որ ՀՀ ներկայիս քաղաքականությունը հայամետ է և ոչ ռուսամետ:

Հայաստանում ամերիկամետ ուժերը ցանկանում են ներքաղաքական լարվածություն մտցնել այն դեպքում, երբ ընդհակառակը`  Ռուսաստանին անհրաժեշտ է կայուն, կանխատեսելի, հանգիստ, անցնցում Հայաստան: Սա ներկայումս մեզ համար ծայրահեղ կարևոր է: Ուստի ինձ թվում է, որ ավելի հավանական է այս սցենարը` որ արևմտյան ուժերը փորձում են ապակայունացնել երկիրը: Սա ես ասում եմ` հիմնվելով այն աղբյուրների վրա, որոնք ինձ հասանելի են, ես ներքաղաքականության մասնագետ չեմ:

- Կառավարության փոփոխությունը կարո՞ղ է որոշակիորեն հետաձգել Հայաստանի ՄՄ անդամակցության գործընթացը:

- Դա կախված է նրանից, թե  ինչ դիրքորոշում կունենա այն ընդդիմությունը, որը հանդես է գալիս Սերժ Սարգսյանի դեմ: Իրականում Սերժ Սարգսյանը ձգտում է ՄՄ անդամակցության, նա հետևողականորեն  աշխատել է այս ուղղությամբ, և  ի դեմս իրեն` այս գործընթացն ապահովված է: Եթե լինի փոփոխություն, ապա ես կարծում եմ, որ  ամենևին էլ փաստ չէ, որ իրավիճակը նախկին տեսքը կունենա: Ուստի չեմ կարծում, թե ճիշտ է իրականում այն տեսակետը, որ Սերժ Սարգսյանի դեմ են դուրս եկել ավելի ռուսամետները: Ռուսաստանի համար հիմա ձեռնտու է  Հայաստանի միացումը Մաքսային միությանը  և Հայաստանի հետ գործելը, Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելը այդ միության շրջանակում, այլ ոչ թե վտանգի ենթարկել այդ փաստաթղթի ստորագրման  գործընթացը:

Այս իրավիճակում կարծում եմ, որ հայկական ուժերը  պետք է միավորվեն, որպեսզի ամեն պարագայում ՄՄ-ն ամրապնդեն և գործեն այդ միության շրջանակում: Հիշեցնեմ, որ ուկրաինական դեպքերն ու պետական հեղաշրջումը սկսվեց նրանից հետո, երբ Յանուկովիչը մի կողմ դրեց Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը և սկսեց  քննարկել ՄՄ-ն, սա պետական հեղաշրջման պատճառ դարձավ: Վախենամ, որ Հայաստանում էլ նման մի իրավիճակ ստեղծվի: Ցավոք սրտի, Հայաստանից այդ պարագայում   ոչինչ չի մնա, ուստի հարմոնիան և էլիտայի խաղաղությունը  հայոց պետականության գոյության երաշխիքն է: Ամեն ինչ այդքան էլ անամպ չէ, որքան կարող է թվալ:

Հիմա պաշտոններ և քաղաքական իշխանություն կիսելու ժամանակը չէ, Հայաստանին անհրաժեշտ է մինչև վերջ ամրապնդել ՄՄ անդամակցության գործընթացը, հաստատվել այդտեղ, ի վերջո` կա նաև  ԼՂ իրավական կարգավիճակի հարցը, կա Թուրքիայի հարցը, որն ավելի ագրեսիվ քայլերի է անցել: Այս իրավիճակում Ռուսաստանի նման հզոր ընկերոջ, գործընկերոջ  գոյությունը գոյատևման երաշխիք է: Եթե կան չափավոր, ազգայնական ուժեր, որոնք հասկանում են ՌԴ նշանակությունը, պետք է թողնեն դա հետոյի, քանի որ հիմա Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ կտրուկ քաղաքական փոփոխություններ: Սրանում կարող են հետաքրքրված լինել միայն  Հայաստանի թշնամիները:

Ընդդիմության համար վտանգավոր է հիմա նման փոփոխություններ իրականացնել: Հիմա ողջ հայ հանրության կոնսոլիդացիայի ժամանակն է` հայոց պետականության, ժողովրդի  և ՀՀ գոյության  ամենագլխավոր երաշխավորի` ՌԴ շուրջ:

 

Ալեքսանդր Դուգինի հետ ծավալուն հարցազրույցը կներկայացնենք ավելի ուշ