Eurasianism

Աշխարհը բռնկված է ցանցային պատերազմներով

Ցանցային պատերազմը պատերազմների վարման նոր հայեցակարգ է, որը մշակվել է ԱՄՆ Զինված ուժերի Բարեփոխումների վարչության կողմից: Այս տեսության մշակողները համոզված են, որ մոտ ապագայում եթե այն չփոխարինի պատերազմի ավանդական տեսությանը, ապա էապես ու անշրջելիորեն կփոխի նրան:

Պատերազմի ցանցային կամ ցանցակենտրոն տեսությունը հիմնվում է մարդկային պատմությունը հողագործական, արդյունաբերական և տեղեկատվական դարաշրջանների բաժանելու սկզբունքի վրա: Այս դարաշրջաններին խստորեն համապատասխանում են նախամոդեռն, մոդեռն և հետմոդեռն սոցիոլոգիական հասկացությունները: Տեղեկատվական դարաշրջանը հետմոդեռնի ժամանակաշրջանն է, երբ Արևմուտքի (առաջին հերթին` ԱՄՆ) զարգացած հասարակությունները մտնում են որակապես նոր փուլ:

Այս տեսության համար ամենակարևոր հասկացությունը «ցանց» եզրն է: Ցանցային սկզբունքի իմաստն այն է, որ ամբողջ մոդելի գլխավոր տարրը հանդիսանում է «տեղեկատվության փոխանակումը»` այդ տեղեկատվության արտադրության ձևերի, նրա բաշխվածության, այնտեղ մուտքի հնարավորության, հակադարձ կապի առավելագույն ընդարձակումը: Ցանցը ներկայացնում է նոր տեղեկատվական տարածություն, որտեղ և ծավալվում են հիմնական ռազմավարական գործողությունները, ինչպես նաև դրանց լրատվական, դիվանագիտական, տնտեսական և տեխնիկական ապահովումը: Մարտական միավորներ, կապի համակարգեր, գործողության տեղեկատվական ապահովում, հասարակական կարծիքի ձևավորում, դիվանագիտական քայլեր, սոցիալական գործընթացներ, հետախուզություն և հակահետախուզություն, ազգային, կրոնական ու հավաքական հոգեբանություն և այլն. այսուհետ այդ բոլորն ընկալվում են որպես միասնական ցանցի փոխկապակցված տարրեր, որոնց միջև պետք է իրականացվի մշտական տեղեկատվական փոխանակում: